воскресенье, 20 ноября 2016 г.

Կարապետը Գայ գյուղում բացել է ալոեի իր «կոդը». hetq.am

Կարապետ Ավագյանը արդեն 14 տարի ծաղիկներ է աճեցնում: Սկզբում աճեցրել է հոլանդական տեսակի քրիզանթեմներ, հետո՝ աստրոմերիա, այժմ էլ իր տան դիմացի 800քմ մակերեսով պոլիէթիլենային ջերմատանը զարկ է տվել ալոեի աճեցմանը: Կարապետը հետաքրքրվել է և պարզել, որ ինքը հանրապետությունում միակն է, որ ալոե (հալվե) է աճեցնում:
«Աշխատանքը պետք է ստեղծագործական ինչ-որ բան լինի: Եթե ստեղծագործություն չկա, խնդիրներ լուծելու, դժվարություններ հաղթահարելու հետաքրքիր պրոցեսներ չկան, դառնում է ստանդարտ բան, և չեմ կարողանում աշխատել: Եթե նույնիսկ լոլիկը քրիզանթեմից ու ալոեից 2 անգամ ավելի շատ բերքատվություն ապահովեր, ես լոլիկի մշակությամբ չէի զբաղվի, որովհետև այսօր ստանդարտ բան է»,-«Հետքի» հետ զրույցում ասում է մասնագիտությամբ ինժեներ Կարապետը:
Քրիզանթեմից աստրոմերիա, այնուհետև՝ ալոե
Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Կարապետ Ավագյանը քրիզանթեմի աճեցմամբ սկսել է զբաղվել 60 քմ տարածքից: Սկզբում փորձել է հասկանալ ծաղկի լեզուն ու երբ «գլուխ» է հանել, ավելացրել է տարածքը: Քրիզանթեմի աճեցումը նրա մոտ ստացվել է, և արտադրանքը շուկա է դուրս բերել: Կարապետը պատմում է, որ նոր տեսակի ծաղիկները հետաքրքրել են ոլորտով զբաղվողներին, և քրիզանթեմի սածիլների պահանջարկ է առաջացել: Սկսել է քրիզանթեմի սածիլների վաճառքով զբաղվել: Քրիզանթեմը իրեն թե եկամուտ է բերել, թե հանրապետությունում ծաղիկն է տարածվել, իսկ երբ ծաղկի մշակությունը դարձել է զանգվածային, իսկ հանրապետությունում քրիզանթեմն ընդունվել է որպես «սովորական ծաղիկ», Կարապետի մոտ քրիզանթեմի նկատմամբ հետաքրքրությունը կորել է և փորձել է նոր՝ ավելի հետաքրքիր բան մտածել:

Նրա ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանում աստրոմերիա ծաղկի նոր տեսակները, որի մշակությամբ զբաղվելը և շահութաբեր էր, և նորություն էր շուկայում: Կարապետը սկսել է զբաղվել աստրոմերիայի աճեցմամբ:
«Ինձ դուր է գալիս բարդ, նոր ստեղծվող, թվացյալ անլուծելի խնդիրներ ունեցող բույսերի հետ աշխատելը: Չեմ սիրում անել մի բան, որը բոլորն են անում և ամեն ինչ պարզ է: Առաջնահերթ ինձ հետաքրքրում է ոչ թե դրանից մեծ գումարներ ստանալը, այլ կոնկրետ բույսը մշակելը և վերջնական արդյունքը տեսնելը»,-ասում է Կարապետը և հավելում, որ ցանկացած բույս կոդ ունի, իրեն հետաքրքիր է այդ կոդը բացելը: Հենց մարդը կարողանա կոդն ամբողջովին բացել ուկարդալ, եկամուտը ավտոմատ գալու է:

Աստրոմերիա աճեցրել է 5-6 տարի: Բայց այդ ծաղիկն էլ արագ տարածվել է Հայաստանում և, Կարապետի բնորոշմամբ, դարձել «պոմիդորի, վարունգի ու այլ բանջարեղենի նման մի բան»: Դրանից հետո Կարապետը դարձյալ ընկել է փնտրտուքի մեջ:

Այդ հարցում նրան ուղղորդել է հարևան Իրանում բնակվող մի հայ գործընկեր: Նա հուշել է Կարապետին, որ դեղաբույսեր աճեցնի: Սկզբում որոշել է ալոեի և ուրցի նոր տեսակների մշակությամբ զբաղվել: Հետաքրքրվել և պարզել է, որ Հայաստանում ալոե չեն աճեցնում, սակայն մոտ 30 տարի դեղագործական նպատակներով ալոե ներկրվում է Վրաստանից և այլ երկրներից:

Դեղագործական գործարանների ղեկավարների հետ բանակցություններից հետո որոշել է հենց ալոեի մշակության վրա կանգ առնել: Սկզբնական շրջանում իրեն օգնել է գյուղատնտեսության մեջ նորարարությունները խրախուսող ծրագիրը, որին դիմել և մրցույթում հաղթել է:
«Ալոեի մշակությամբ զբաղվելը շատ մեծ ռիսկեր է պարունակում: Եթե այդ ծրագրի շրջանակում գյուղնախարարությունը օգնություն չցուցաբերեր, չեմ կարծում, որ ես կզբաղվեի այդ բույսի մշակությամբ»,-ասում է Կարապետը:

Պատմում է, որ սածիլները ներկրվել են Իրանից: Կարապետի իրանահայ գործընկերը եկել է Հայաստան և սկզբնական շրջանում խորհուրդներ է տվել, թե ինչպես աճեցնի ալոեն: Կարապետը ալոեի աճեցման համար Հայաստանում մասնագետ չի կարողացել գտնել և հիմնականում օգտվել է համացանցից ու գրականությունից:

Կարապետն ասում է, որ ալոեն պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և վերջինիս հիմնական պահանջը ռեժիմի ապահովումն է՝ անհրաժեշտ լուսավորությունը, օդը, ջեռուցումը, ոռոգումը, անձրևացումը և այլն: Այն շատ պահանջկոտ բույս չէ, խնդիրներ չի առաջացնում, բայց եթե ռեժիմը չես կարողանում ճիշտ ապահովել, այսինքն՝ բույսի ծրագիրը խախտում ես, սկսում է խնդիրներ ունենալ. աճն է դանդաղում, հիվանդություն է զարգանում և այլն: Ռեժիմը պահելուց և ամիսը երկու անգամ սնուցելուց հետո պետք է համբերատար սպասել 2.5-3 տարի և վաճառքի հանել ալոեի տերևները:

«2.5 տարեկանից սկսած ալոեի տերևներն ավելի փարթամ են լինում, իսկ զանգվածը՝ շատ, ինչը ձեռնտու է և ֆերմերին և մթերող գործարանին: Ես ունեմ 2.4 տարեկան բույսեր, բայց չեմ կարծում, որ բերքահավաքը ինձ ձեռնտու է: Հաշվարկ ենք կատարել, որ ևս կես տարի սպասենք նոր սկսենք ալոեի տերևները քաղել: Եթե հիմա կարող ենք հավաքել 100կգ տերև, ապա 6 ամիս հետո դա կլինի 150 կիլոգրամ: Այդ 50 կիլոգրամը կորցնելու ենք ամեն 100 կիլոգրամի մեջ և 6 ամիս շարունակ, բայց մենք 2,5 տարի սպասել ենք և 6 ամսվա համար չարժե շտապել»,-նշում է նա:
Կարապետն ասում է, որ ալոեի մշակության 3 տարին գյուղացու համար երկար է թվում և լուրջ ներդրումներ է պահանջում, սակայն այն ունի մեծ առավելություն. 3 տարի հետո 30-40 տարի անընդհատ բերք է տալիս, «կանգնել չկա», իսկ յուրաքանչյուր տարի՝ նախորդի համեմատ, բերքատվությունն ավելանում է:

Չի կարելի վախենալ մեծ ծախսերից, պետք է վախենալ փոքր եկամուտներից

Կարապետը լույսը բացվելուն պես մտնում է ջերմոց և այնտեղից դուրս է գալիս գիշերը ժամը 22:00-23:00-ին: Այդ ընթացքում բույսին տալիս է այն, ինչն անհրաժեշտ է, դրա համար էլ նրան հաջողվում է լեզու գտնել բույսերի հետ:
«Հիմա էլ ալոեի վրա փորձեր եմ անում, մեթոդ եմ գտել, որ կարողանամ աճն արագացնել: Բիոհումուսով փորձեր եմ անում, ստացվել է: Սովորական հողախառնուրդում մեկ տարի առաջ սածիլներ ստացա, բայց դրանք տխուր վիճակում էին, չէին աճում: Մի քանի փորձեր արեցի ու պեռլիտով, կարմիր ավազով հողախառնուրդ ենք ստացել ու բույսը գերազանց աճում է: Նույնը նաև պարարտանյութերի հարցում: Ինտերնետում գտել եմ, որ ալոեն պետք է պարարտացնել կակտուսի համար նախատեսված պարարտանյութով, սակայն գտել եմ այլ պարարտանյութ, որն ավելի լավ ազդեցություն է թողնում, քան գրականության մեջ նշվածը»,-ասում է Կարապեետը:

Նա իր փոքր ջերմոցում միաժամանակ զբաղվում է և ապրանքային ալոեի աճեցմամբ, և նոր սածիլների արտադրությամբ: Հայաստանում ալոեի տարածումը խթանելու նպատակով ալոեի մշակությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների համար Կարապետը լուծում է գտել, որպեսզի վերջիններս իր նման 3 տարի բերքահավաքին չսպասեն: Նա առաջարկում է միանգամից 1.5 տարեկան սածիլներ, ինչի շնորհիվ գյուղացին եկամուտ կստանա ոչ թե 2.5-3, այլ՝ 1-1.5 տարի հետո:

Կարապետն ասում է, որ ալոեի մշակությամբ զբաղվելու ցանկություն են հայտնում շատերը, սակայն, երբ տեղեկանում են, որ 3 տարի պետք է ներդրումներ կատարեն ու եկամուտ չստանան, հետ են կանգնում իրենց մտադրությունից, ասելով՝ «բա ինչով ապրեմ»:
«Դեղարտադրող գործարանների հետ պայմանագրեր ունեմ, բայց շուկան հետևյալն է՝ պետք է որոշակի քանակության բերք ունենալ, չես կարող 2-3 հարյուր կիլոգրամ տանել գործարանին տալ: Գործարանն ուզում է գոնե խմբաքանակը լինի մեկ տոննայից ոչ կապաս, իսկ ես այդքան արտադրանք չեմ կարող տալ և ցանկանում եմ ավելացնել ջերմոցը: Այս պահին իմ ջերմատունն ընդլայնելու համար գումարներ չունեմ, դեռ գումարները ծախսում եմ եղածը բերքի հանելու վրա: Աշնանը կսկսեմ հավաքել տերևները, բայց հիմնական եկամուտս կսկսվի 2016թ-ից», -նշում է Կարապետը:

Նա առաջարկում է աշխուժություն առաջացնելու, ներքին շուկան զարգացնելու նպատակով մի քանի հոգով հավաքվել և համատեղ ջերմատներ կառուցել, ինքն էլ պատրաստ է աջակցել թե իր խորհուրդներով, թե ալոեի սածիլներով:

Կարապետը մեծ ցանկություն ունի պայմանագրեր կնքել հյութ արտադրող գործարանների հետ, որպեսզի դրսից ներկրվող պատրաստի ալոեի հյութի փոխարեն Հայաստանում արտադրվի այն, ինչն ավելի եկամտաբեր կլինի և կապահովի լրացուցիչ աշխատատեղեր: Կարապետի ցանկությունն այժմ չի կարող իրականություն դառնալ, քանի որ արտադրություն զարգացնելու համար չկա արտադրանք: 

Նա համամիտ չէ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացնելու, եկամուտներ ստանալու հնարավորություններ չկան: Ճիշտ հակառակը՝ հանրապետությունում աշխատելու բազմաթիվ հնարավորություններ կան, քանի որ շուկան հագեցած չէ:

«Տեսեք, շատերը լոլիկ են աճեցնում, բայց դա բավարար չէ ամբողջ հանրապետության համար, և 6 ամիս Թուրքիայից լոլիկ է մտնում Հայաստան: Ստացվում է, որ մենք տարվա կեսն ենք կարողանում ապահովել լոլիկով: Նույնը նաև այլ ոլորտներում: Ամբողջ տարի Հոլանդիայից ծաղիկ է ներկրվում Հայաստան, չենք կարողանում պահանջարկն ապահովել: Եթե ձեռնտու չէ տեղում աճեցնելը, ապա ինչպե՞ս է ձեռնտու Հոլանդիայում աճեցնելը, տրանսպորտային ծախսեր կատարելով Հայաստան տեղափոխելն ու վաճառելը: Եթե Հայաստանում աճեցնես ու այդ գնով հասցնես խանութներին, շատ ավելի եկամուտ կստանաս, քան դրսից ներկրես»,-ասում է Կ. Ավագյանը:

Ըստ նրա՝ ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում մեծ գումարներ ծախսող, երկարաժամկետ հեռանկարային ծրագրեր ունեցող գյուղատնտեսներ չկան: Կարապետն ասում է, որ մեզ մոտ հետևյալ սխեման է գործում. ունենալ 300քմ մակերեսով ջերմոց, ծաղիկ աճեցնել, 4-5 ամիս հետո արագ շուկա տանել, վաճառքից ստացած գումարով վարկ փակել կամ ապրել:

«Շուտ եկամուտ ստանալն է այսօրվա առաջնային սկզբունքը, թեկուզ քիչ և պակաս ներդրումներով: Նույնիսկ 5000 դրամի բուժումը ֆերմերը խնայում է և չի տալիս բույսին: Ես չեմ կարողանում այդ մեթոդով աշխատել, որովհետև չեմ կարծում, որ դա հեռանկարային ու եկամտաբեր է: Կարող է ինչ-որ կարճ ժամանակահատվածի համար եկամտաբեր լինի, ընտանիք պահես, բայց դա հեռանկարային գործ չէ»,-ասում է Կարապետը:

Գյուղատնտեսի խոսքերով՝ եթե մեծ ծախսերից վախենում ես, չես կարող մեծ եկամուտներ ստանալ և անմիջապես բերում է իր օրինակը. «12 հազար հատ ալոեի սածիլ եմ ստացել, 3-4 հազար դոլար ծախսել եմ միայն հումուսի ու տարաների վրա, այս պահին գնորդ չունենք, բայց հետաքրքրվողներ շատ կան: Այսօր գնորդ չունենք՝ վաղը կունենանք, վաղը չի լինի՝ ուրիշ տարբերակ կա՝ նոր ջերմատուն կկառուցենք, ջերմատուն չենք կառուցի՝ ալոեն ապրանքային տեսքի կբերենք, գեղեցիկ տարաների մեջ կդնենք ու կտանենք խանութներ վաճառքի: Իրացնելու տարբեր ձևեր կան, պետք է ճիշտ հաշվարկել»,-ավելացնում է Կ. Ավագյանը:

Ի՞նչ արժե 1000 քմ ալոեի ջերմատուն կառուցելը

Կարապետ Ավագյանը մոտ 37.000 դոլար ծախսել է իր 800 քմ ջերմոցի վրա և մինչև տարեվերջ, այսինքն՝ բերքահավաք, ևս 4-5 հազար դոլարի ներդրում պետք է կատարի: Այդ գումարի մեջ ներառված է նաև սածիլների արտադրությունը:

Նա 1000 քմ ալոեի ջերմատուն կառուցելու համար հաշվարկ է կատարել և պարզել, որ հատը 1000 դրամով 3 մլն դրամի սածիլ է անհրաժեշտ, կաթիլային համակարգ անցկացնելու համար պետք կգա մոտ 300.000 դրամ, պոլիէթիլենը կարժենա 400.000 դրամ, տարեկան սնուցումները՝ 100.000 դրամ, 1 աշխատողի հաշարկով մեկ տարվա բանվորական աշխատանքները՝ մոտ 1 մլն դրամ, իսկ ձմռան ջեռուցումը՝ տարեկան 2 մլն դրամ:

Հանրապետությունում ալոեի տերևների մթերման գինը 3 դոլար է: Կարապետն ասում է, որ զանգվածային բերքահավաքի դեպքում 3 դոլարը եկամտաբեր է աճեցնողի համար: Նրա հաշվարկով 1000 քմ ջերմոցը տարեկան կարող է տալ 12 տոննա բերք, ինչը 3 դոլարով վաճառելու դեպքում կարժենա 36.000 դոլար և այդպես 30-40 տարի: Իսկ ընթացիկ ծախսերն ավելի քիչ են լինելու՝ միայն բուժումներ, սնուցում, բանվորական աշխատուժի վճարում և ջեռուցում:

Պետք չէ վախենալ նորամուծություններից

Գյուղատնտեսի կարծիքով գյուղատնտեսության ոլորտում նորամուծությունների նկատմամբ վախը հիմնականում մեծ ռիսկն է, քանի որ հանրապետությունում կայուն շուկա չկա, հետևաբար չկան նաև եկամուտների և ծախսերի ճիշտ հաշվարկներ: Ամենածախսատար պրոցեսը ջեռուցումն է, քանի որ գազը թանկ է:

Կարապետի խոսքերով՝ այսօր ծախսերի նվազեցման լուծումը մեծ ջերմատներ կառուցելն է: Ըստ նրա՝ ինչքան ջերմատունը փոքր է, այնքան ծախսերը մեծ են: Նրա և իրանցի գործընկերոջ հաշվարկներով, ջերմատուն պետք է կառուցել 2500քմ-ից սկսած, որպեսզի եկամուտ ապահովի:

«Մեզ մոտ 200-500 քմ ջերմատուն են կառուցում, ինչից հնարավոր չէ եկամուտ ստանալ, ստացած գումարները ծախսվում են ջերմատան վրա: Իմ ներկայիս 800 քմ ջերմատունը եղել է 3 հատ առանձին-առանձին ջերմատներ, միացրել եմ իրար ու ծախսերը մոտ 30%-ով պակասել են: Ձմռանը մենք տաքացնում ենք ջերմատան ներսի օդը, որը սառում է դրսի պատերի մակերեսից: Ջերմատունն ինչքան մեծ լինի, այնքան դրսի պատերի մակերեսը փոքր կլինի՝ օդի ծավալի հաշվին: Օրինակ՝ 5000 խմ օդը ավելի ուշ կսառի, քան 3000 խմ-ը և անիմաստ գումարներ էլ չեն ծախսվի ջեռուցման վրա: Հիմնականում ջերմատները ցածր են կառուցում, ինչը չի կարելի, քանի որ օդի ծավալը քչանում է և շուտ է սառում: Բացի այդ, փոքր ջերմոցների հողն է քիչ, ինչն արդյունավետ չէ»,-ասում է Կարապետը:

Նա ոլորտի ևս մեկ խոչընդոտ է համարում ներկայիս բանկային քաղաքականությունը: Լուրջ ներդրում կատարելու համար գյուղատնտեսն անպայման պետք է բանկերից վարկ վերցնի, իսկ բանկերը երկարաժամկետ վարկեր չեն տրամադրում, կամ լավագույն դեպքում տրամադրում են, երբ անշարժ գույք կամ մի 100 հազար դոլարանոց գույք են գրավ թողնում, որ 50 հազար դոլար վարկ տրամադրեն:

«Բանկային համակարգը գյուղացիների համար առայժմ ձեռնտու ու եկամտաբեր չէ: Ես գնամ ասեմ, որ ալոե եմ աճեցնելու և 3 տարի եկամուտ չեմ ստանալու, չեմ կարծում, որ հանրապետությունում լինի մի բանկ, որ ինձ գումար տա, կամ տա ոչ թե 1-2 մլն դրամ, այլ ասենք՝ 10 մլն դրամ»,-նշում է Կ. Ավագյանը և հուսադրում, որ մեծ ցանկության դեպքում նույնիսկ այս պայմաններում հնարավոր է գյուղատնտեսությամբ զբաղվել և եկամուտներ ստանալ:

Գրիշա Բալասանյան
11:59, 6 ապրիլի, 2015


Технологии Blogger.
абсцес (2) аденоид (1) алюминий (1) ампулы (1) ангина (7) анемия (1) анкилостомидоз (1) апетит (1) астма (6) барий (1) бесплодия (1) бессонница (1) биостимулятор (19) вино (2) воспаления (4) гастрит (2) геморрой (1) глаза (4) для старих (2) домашнее алоэ (10) дыхание (3) желтуха (1) запор (3) иммунитет (29) интоксикация (1) инъекций (1) история (59) Кальия (1) кариес (1) кератит (1) кобальт (1) кожа (13) коклюш (2) колит (1) кольпит (1) косметика (78) красная волчанка (1) крем (4) кровотечения (1) линимент (4) литий (1) лучевой болезн (1) магний (1) мазь (3) марганец (2) маска (52) масло (5) массаж (3) мастопатия (1) мед (1) медь (2) менструация (2) мигрень (1) мозг (1) мозол (2) морщини (4) мужскои (1) нагноения (1) нарыв (2) насморк (2) настой (2) нейродермит (1) нерви (1) никель (1) О нас (1) ожог (3) озноб (1) опухол (1) очищение (1) парестезия (1) печен (1) пищеварения (1) пневмония (3) порез (1) простуда (4) противопоказание (11) психоз (1) радикулит (1) раздражение (1) Рак (7) рана (2) ревматизм (1) Рецепты (199) рубец (1) сабур (6) салат (2) селен (2) сердце (16) сироп (3) сок (46) стоматит (2) стронций (1) токсикоз (1) тонзиллит (3) Тонизирования (1) травма (1) туберкулез (5) тугоухост (1) удобрения (1) фарингит (3) фибром матки (2) флегмон (1) фурункул (2) халязион (1) хром (1) цинк (2) экзема (1) Экстракт (12) Эмульсия (4) эндоцервицит (1) энтерит (2) эрозия (3) эрозия шейки матки (7) язва (4) About Us (1) Ակցիա (13) Այրվածք (6) անգինա (1) անքնություն (3) բերանաբորբ (1) բշտիկներ (3) բորբոքումներ (6) բրոնխիտ (1) գեղեցկություն (3) գլխացավ (2) գլուխ (1) գործընկերներ (7) գրիպ (2) դեղատոմսեր (36) դեմք (5) դիմակներ (3) եկզեմա (1) թարախ (1) թեփ (1) թուլություն (1) թոքաբորբ (2) թոքախտ (1) իմունիտետ (6) ինսուլտ (1) Խոլեստերին (1) խոց (2) կնճիռներ (2) կոսմետիկ միջոցներ (14) հազ (1) հայմորիտ (1) Հարբուխ (5) հերպես (1) հիպերլիպիդեմիա (1) հոդաբորբ (1) հոդացավ (2) ճնշում (2) մազաթափություն (5) մազեր (8) Մամուլը մեր մասին (7) մաշկ (15) մաշկաբորբ (10) Մեր մասին (12) միգրեն (1) մրսածություն (4) նևրոզ (1) Նիհարեցում (5) պատմություն (7) սթրես (1) ստամոքսաբորբ (2) վերականգնում (2) վերքեր (1) Տեսականի (10) տեսանյութ (6) տրոմբոֆլեբիտ (2) Քաղցկեղ (2) ֆոտոշարք (4)